Երևանում ուրբաթ օրը հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանը՝ կարևորելով նման հանդիպումների և խորհրդակցությունների պարբերական անցկացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են արտգործնախարարությունների խորհրդակցությունների պլանի և դրա կիրարկման ուղղությամբ գործնական քայլերին: Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության և մասնակցությամբ՝սեպտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հստակեցրել են միմյանց դիրքորոշումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի և օրակարգային հարցերի շուրջ:
Մնացականյանը վերահաստատել է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններն են՝ ընդգծելով, որ խաղաղության գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի, որոշիչ ձայնը և ներգրավվածությունը։
Մնացականյանը և Մայիլյանը նաև մտքեր են փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման հարցերի շուրջ` նշելով, որ ներքին լսարանի համար ադրբեջանական իշխանությունների կողմից արվող ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում ժողովուրդների խաղաղության նախապատրաստման հանձնառության իրականացմանը: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ կարևորելով հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։