Հանրապետության նախագահը կիրակի մեկնել է Բրյուսել: Այցը Բելգիայի Թագավորություն աշխատանքային է, երկօրյա: Օրակարգում հանդիպումներն են Եվրամիության կառույցների առաջին դեմքերի հետ:
Նախագահ Սարգսյանը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:
«Այսօրվա մեր հանդիպման կենտրոնական թեման Հայաստան-Եվրոպական Միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները: Նոր իրավական փաստաթուղթը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է, որն արտահայտում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը», - ասել է նախագահ Սարգսյանը: