Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են 3 մլրդ եվրոյի զենքի գործարք, որը խոշորագույնն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Այդ մասին հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Ըստ տեղեկությունների՝ «Աքիլլեսի վահան» անվամբ պայմանագրի շրջանակում Հունաստանը կստանա մի քանի իսրայելական համակարգ, այդ թվում՝ Rafael-ի արտադրության David's Sling և SPYDER համակարգեր և Israel Aerospace Industries-ի արտադրության BARAK MX-ները։
Պայմանագրով նախատեսվում է Հունաստանում ստեղծել բազմաստիճան հակաօդային պաշտպանության համակարգ՝ օգտագործելով David's Sling, BARAK MX, SPYDER, MMR ռադարներ և իսրայելական կառավարման համակարգ:
Նշվում է, որ դա առաջին դեպքն է, երբ Իսրայելը մեկ այլ երկրի մատակարարում է համապարփակ պաշտպանական համակարգ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու միջոցների ամբողջական համալիր:
Բացի այդ, կողմերը ստորագրել են 26 մլն եվրոյի լրացուցիչ համաձայնագիր՝ Հունաստանին Rafael-ի Drone Dome հակադրոնային համակարգերի վաճառքի մասին:
Իսրայելը նաև մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հունաստանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ներառյալ գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցումը հունական ձեռնարկություններին: