Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հուլիսի 7-8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է տվել հստակ արտահայտել միջազգային հարցերի, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը։
«Պատերազմը պետք է լուծվի երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասել է Ռեջեփ Էրդողանը կառավարության նիստից հետո ունեցած ելույթում։
Նա անդրադարձել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը: «Դա մեծ նշանակություն ուներ։ Կշարունակենք գործակցել նախագահ Թրամփի հետ՝ ամրապնդելու թուրք-ամերիկյան հարաբերությունները: Երկկողմ առևտուրը պետք է հասցնենք 100 միլիարդ դոլարի»,- մանրամասնել է Էրդողանը, շեշտել՝ Վաշինգտոնի հետ ջանքեր են գործադրելու տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կչեղարկի Թուրքիայի դեմ գործող ամերիկյան պատժամիջոցները, նաև դիտարկվում է Անկարային F35 կործանիչներ վաճառելու հարցը՝ չնայած առկա իրավական խոչընդոտներին: «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, հավանաբար, այժմ ավելի լավն են, քան երբևէ», - համոզմունք էր հայտնել ԱՄՆ նախագահը։
Զուգահեռ, Իսրայելի վարչապետը Թրամփի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան սպառնում է Հրեական պետության գոյությանը և ագրեսիվ հռետորաբանություն է վարում: