Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Օսիպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնություն քարոզելու, խուլիգանության, քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հոդվածներով: