Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարց ուղղեցին Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների մասին, նկատեցին՝ ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանում ՀՀ-ի նկատմամբ, ինչին ի պատասխան՝ վարչապետը ասաց՝ նման խնդիրներ անընդհատ լինում են, այլ բան, որ հիմա լուսաբանվում է:
«Այսինքն՝ լուսաբանվում է Հայաստանում գործող՝ ձեզ հայտնի ուժերի շրջանակների հետաքրքրվածության բերումով, ծախսերով և այլն: Աշխատանքային հարցեր ԵԱՏՄ. ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, այլև բոլոր երկրների մեջ էս կարգի աշխատանքային հարցեր լինում են:
Ամեն անգամ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում տասնյակ հարցեր ենք քննարկում, որոնք կապված են նման երևույթների հետ՝ ֆիտոսանիտարական հարցերի, ստանդարտների, արտահանումների, վերաարտահանումների, ապրանքների ծագման հետ կապված խնդիրներ, որովհետև ԵԱՏՄ բոլոր երկրները անհանգստացած են, որ չլինի էնպես, որ երրորդ երկրների ապրանքները ներկրվեն ԵԱՏՄ երկիր, դառնան ԵԱՏՄ ապրանք և վերաարտահանվեն ԵԱՏՄ ուրիշ երկիր»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է դեպի ԵՄ նոր ուղղություններով արտահանումներին՝ վարչապետն ասաց՝ ամենահաճելի և կարևոր լուրն այն է, որ Եվիամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր հետ հեռախոսազրույցում ասել է, որ ՀՀ գյուղապրանքները առանց մաքսի, այսինքն՝ ազատ մաքսային ռեժիմով կարտահանվեն ԵՄ: «Այսինքն՝ ԵՄ բոլոր երկրները նոր ուղղություն են դառնում»,- ասաց նա: