Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել բացման խոսքով:
«Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի ֆոնդային շուկայի կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայի՝ AMX-ի 25-ամյակի կապակցությամբ:
Քառորդ դարի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան դարձել է Հայաստանի ֆինանսական համակարգի կայացման, կապիտալի շուկայի զարգացման և ներդրումային մշակույթի ձևավորման առանցքային հարթակներից մեկը:
Այս հոբելյանը միայն անցած ճանապարհի գնահատական չէ, այլ նաև հնարավորություն՝ վերաիմաստավորելու այն կարևոր առաքելությունը, որն ունի կապիտալի շուկան մեր երկրի տնտեսական ապագայի ձևավորման գործում:
Ներկայիս աշխարհն արագ փոխվում է: Տնտեսական մրցունակությունը պայմանավորված է ոչ միայն ֆինանսական ռեսուրսների առկայությամբ, այլև դրանց արդյունավետ բաշխմամբ, ներդրումային վստահությամբ և երկարաժամկետ զարգացման տեսլականով: Այդ համատեքստում ժամանակակից և զարգացման կապիտալի շուկան դառնում է տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժ:
.jpg)
Հայաստանի տնտեսությունն այսօր նոր որակի զարգացման հնարավորություն և տեսլական ունի: Վերջին տարիներին մեր երկրում պահպանվել են մակրոտնտեսական կայունությունը, տնտեսական ակտիվության բարձր մակարադակը և ֆինանսական համակարգի կայունությունը: Սակայն, ակնհայտ է, որ տնտեսության հետագա զարգացումը պահանջում է ներդրումային նոր գործիքներ, նոր ֆինանսական հնարավորություններ և ներքին ռեսուրսների առավել ակտիվ ներգրավում տնտեսության մեջ: Այս առումով բորսայի դերը չափազանց կարևոր է: Ֆոնդային բորսան միայն առևտրային հարթակ չէ: Այն վստահության, թափանցիկության և երկարաժամկետ տնտեսական համագործակցության միջավայր է: Այն հնարավորություն է տալիս բիզնեսին՝ ներգրավել կապիտալ, ներդրողներին՝ մասնակցել երկրի տնտեսական զարգացմանը, իսկ պետությանը՝ ձևավորել ավելի դիմակայուն և բազմազան տնտեսություն:
Հատկապես կարևոր եմ համարում այն, որ Հայաստանը հետևողականորեն զարգացնում է գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն: Մեր երկրում ձևավորվում է նորարական միջավայր, որտեղ հաջողությամբ գործունեություն են ծավալում, ինչպես համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունները, այնպես էլ հայկական ծագմամբ, արագ զարգացող ստարտափները: Այս էկոհամակարգի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է նաև հասանելի և արդյունավետ կապիտալի շուկա, որը կկարողանա սպասարկել նորարարական տնտեսության պահանջները:
Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է կարևորել տարածաշրջանային համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման և երկարատև խաղաղության հաստատման օրակարգը:
Վստահ ենք, որ խաղաղ, կանխատեսելի և փոխկապակցված տարածաշրջանը նոր հնարավորություններ կբացի ներդրումների, առևտրի և տնտեսական ինտեգրման համար: Այս ճանապարհին ֆինանսական շուկաների զարգացումն ունի առանցքային նշանակություն:
Հարգելի՛ գործընկերներ, AMX-ի 25-ամյակը լավ առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել հայկական կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման գործում՝ կարգավորող մարմիններին, մասնակից կազմակերպություններին, ներդրողներին, միջազգային գործընկերներին և, իհարկե, բորսայի ամբողջ թիմին:
Վստահ եմ, որ առաջիկա տարիներին բորսան շարունակելու է իր կարևոր առաքելությունը՝ դառնալով ավելի մրցունակ, տեխնոլոգիական և տարածաշրջանային դերակատարում ունեցող ֆինանսական հարթակ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի հոբելյանի առթիվ: Մաղթում եմ նոր հաջողություններ, արդյունավետ համագործակցություն և շարունակական զարգացում»: