Մենք արտահայտել ենք մեր անհանգստությունը և ցավը նախորդող շրջանում տեղի ունեցած իրադարձությունների առիթով և գոհունակությամբ ենք արձանագրում, որ մեր երկու բարեկամ երկրների՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները առաջընթացի դինամիկա են ցույց տալիս: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի շուրջ ընթացող գործընթացների հետևանքով հնարավոր տնտեսական ու լոգիստիկ ճգնաժամային սցենարներին:
Նրա խոսքով՝ Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է, և մենք, ընդհակառակը, ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել, և նաև այս առումով է շատ կարևոր ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը, որովհետև դրա արդյունքում մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի հետ, որի պարագայում ՀՀ ապրանքների ներկրումը և ՀՀ-ից ապրանքներ արտահանումը կհեշտանա:
Վարչապետը հիշեցրեց՝ նախորդող շրջանում արդեն կար նոր կապուղի՝ Կենտրոնական Ասիայով Չինաստանի հետ երկաթուղային կապը՝ Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով, նաև շեշտեց, որ այս հարցերով Հայաստանի կառավարությունը զբաղվում է դեռևս նախորդ տարվանից, երբ տարածաշրջանում լարվածություն է նկատվել։
Վարչապետը վստահություն հայտնեց, որ ապրանքների դեֆիցիտ մենք չենք ունենա, բայց գնաճն ուրիշ խնդիր է:
«Եթե ծագման կետում այդ ապրանքի գինն աճում է, ապա դրա վրա մեր ազդեցության հնարավորությունները սահմանափակ են: Մատակարարումների առումով, այո, այլընտրանքները կան, բայց համոզված եմ նաև, որ առաջիկայում իրադրության կարգավորման համատեքստում ԹՐԻՓՓ նախագծի շուտափույթ իրագործում կունենանք, որի արդյունքում նաև կձևավորվի Իրան-Հայաստան և Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապ, որը ձեռնտու կլինի բոլորին»,- ասաց վարչապետը: