Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ: Այդ մասին Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեք երկրների պաշտոնյաների հանդիպումների ակտիվացմանը:
«Ինչ վերաբերում է գործընթացներին, նոր բան չկա, ինչ նախկինում ասել եմ, այդ տրամաբանության մեջ է, բայց կա նաև այն, որ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Փորձում ենք հնարավորություններ գտնել՝ նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերությունները»,- ասաց վարչապետը։
Վարչապետը հիշեցեց՝ թուրքական ավիաընկերություններից մեկն արդեն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, ապա ընդգծեց՝ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Չինաստանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած պայմանավորվածության ժամանակ:
«Հույս ունենք, որ առաջիկայում նաև Գյումրիի ուղղությամբ թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ գործընթացն առաջ է գնում, և իր համար հարցն այն չէ, թե տեղի կունենա՞ն արդյոք Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կամ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, հարցն այն է, թե դա երբ տեղի կունենա։
«Մենք աշխատում ենք այնպես անել, որ դրանք հնարավորինս շուտ տեղի ունենան»,- ավելացեց Փաշինյանը: