ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին չի աջակցել իրեն իրանական ճգնաժամի հարցում, և այդ պատճառով հիասթափված է նրանից։
«Նա ՆԱՏՕ-ի հետ չի ուզում օգնել մեզ՝ ազատվելու Իրանի միջուկային զենքից։ Նա ոչինչ չի ձեռնարկում նավթին հասանելիությունը վերականգնելու համար: Ես կարծում էի, որ Մելոնին բոլորովին ուրիշ է, քաջ կին է, բայց սխալվել եմ»,- ասել է նա Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում։
Թրամփի իշխանության գալուց հետո առաջին ամիսներին Մելոնին համարվում էր նրա դաշնակիցներից մեկը Եվրոպայում: Սակայն, ըստ ԱՄՆ նախագահի, նրանք երկար ժամանակ է՝ չեն շփվում։
Թրամփը դժգոհություն է հայտնել ոչ միայն Իտալիայից, այլև ամբողջ Եվրոպայից: «Նրանք աշխարհում ամենաշատն են վճարում էներգետիկ պաշարների համար, բայց դարձյալ պատրաստ չեն պայքարել Հորմուզի նեղուցի համար, որի միջոցով ստանում են այդ պաշարները: Նրանց ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք Դոնալդ Թրամփը կկարողանա՞ բացել նեղուցը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփին դուր չի եկել նաև, որ Իտալիայի վարչապետը պաշտպանել է Հռոմի պապ Լևոն XIV-ին, որը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունը: Ըստ տեղեկությունների՝ Մելոնին անընդունելի է համարել պապին ուղղված Թրամփի քննադատությունը: