Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անընդունելի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Հռոմի պապ Լևոն XIV-ի մասին և իր աջակցությունն է հայտնել հովվապետին՝ հաղորդում է Corriere della Sera-ն։
«Ես անընդունելի եմ համարում նախագահ Թրամփի խոսքերը Նորին Սրբության հասցեին։ Հռոմի Պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է, և ճիշտ է, որ նա խաղաղության կոչ է անում ու դատապարտում պատերազմի բոլոր ձևերը»,- ասել է Մելոնին և հավելել, որ իրեն «անհարմար կզգար մի հասարակությունում, որտեղ կրոնական առաջնորդներն անում են այն, ինչ իրենց ասում են քաղաքական առաջնորդները»։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես մեկնաբանել է Թրամփի և Հռոմի պապի դիմակայությունը։
«Ես կարծում եմ, որ որոշ դեպքերում Վատիկանի համար ավելի լավ կլինի զբաղվել բարոյական հարցերով և թույլ տալ Միացյալ Նահանգների նախագահին վարելու ամերիկյան պետական քաղաքականությունը»,- ասել է նա Fox News-ին։
Թրամփը հայտարարել էր, որ «հիացած չէ» Հռոմի պապով, քանի որ նա չի ողջունում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունները: Նրա խոսքով՝ Լևոն XIV-ը «վատ է հասկանում հանցավորությունից և բացարձակ ոչինչ չի հասկանում արտաքին քաղաքականությունից»:
«Ես չեմ ուզում, որ Հռոմի պապը մտածի, թե Իրանի համար նորմալ է միջուկային զենք ունենալը, կամ քննադատի Վենեսուելայի վրա հարձակումը, որը թմրանյութերի մեծ քանակություն է մատակարարում Միացյալ Նահանգներ»,- գրել է նա Truth Social կայքում։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատասխանել է՝ նշելով, որ Վատիկանի խաղաղության ու հաշտեցման կոչերը հիմնված են Ավետարանի վրա, և որ ինքը չի վախենում ԱՄՆ ներկայիս վարչակազմից։
Իսկ Սուրբ Աթոռի խոսնակ Անտոնիո Սպադարոն Թրամփի քննադատությունն անվանել է անզորության նշան։