Սա հերթական բարեփոխումն է, որ վերաբերում է մաքսային վարչարարությանը և հնարավորություն կտա պարզեցնել խաղի կանոնները: Փոփոխությունը նպատակ ունի մոտարկել մաքսային ստուգումների պրակտիկան հարկային ստուգումների ընթացակարգերին՝ այդպիսով Պետական եկամուտների կոմիտեում ունենալով միասնական մոտեցումներ: Այս մասին ԱԺ-ի՝ ապրիլի 14-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՊԵԿ նախագահն անդրադարձել է մաքսային ստուգման կամերալ և արտաքին տեսակների մասով կատարված լրամշակումներին:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ կամերալ ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը: Կամերալ ստուգում սկսելու մասին ստուգման ենթակա անձը պետք է ծանուցվի: Այս տեսակի ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել և կասեցվել:
«Առաջարկվում է նաև հստակեցնել մաքսային ստուգումներին վերաբերող ընթացակարգերը: Կստեղծվեն դրանց համար անհրաժեշտ հիմքերը»,- նշել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ դրանք են՝ քրեական վարույթ իրականացնող կամ այլ իրավասու գերատեսչությունների հարցումներ կատարելու, ստուգմանն առնչվող փաստաթեղթերի հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու, մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման և համապատասխան հաղորդման ներկայացման, ինչպես նաև մաքսային փորձաքննություն անցկացնելու դեպքերը:
Մաքսային ստուգման արդյունքների ամփոփման նպատակով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումն ավարտելու օրվան հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների կատարման խախտումներ հայտնաբերած լինելու դեպքում կկազմի ստուգման ակտի նախագիծ: Մաքսային ստուգման ակտի վերաբերյալ ստուգվող անձի կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետը եւս տասը աշխատանքային օր է:
Պատգամավորների հարցերը վերաբերել են տնտեսավարողներին պաշտպանող մեխանիզմներ տալուն, կամերալ ստուգումների իրականացման ժամկետներին:
Հարակից զեկուցող Կարեն Համբարձումյանը նշել է, որ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: