2023 թվականին Հայաստանը վավերացրել է միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրմանը վերաբերող համաձայնագիրը, որը ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակում է նախատեսում:
Թեմային առնչվող՝ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելուն վերաբերող օրենքի նախագիծը Ազգային ժողովի՝ ապրիլի 14-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ ընդգծելով, որ ողջունելի է՝ Հայաստանը ևս միացել է նախաձեռնությանը՝ հնարավորություն ստանալով իր ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն ստանալ տարբեր երկրներից:
Ըստ նախարարի տեղակալի՝ սա միջազգային հարկային թափանցիկության լավագույն ստանդարտն է:
«Անցած տարվա դրությամբ արդեն 47 երկրի հետ նման փոխանակում ենք իրականացրել, այսինքն՝ մենք իրենց տվել ենք իրենց ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն և փոխադարձաբար ստացել ենք մեր ռեզիդենտների վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց նա:
Նախատեսված փոփոխությունները, ըստ Ռաֆայել Գևորգյանի, հիմնականում վերաբերում են համաձայնագրի որոշակի դրույթների հստակեցմանը՝ հաշվի տեսակների հարգավիճակներին, նույնականացման կանոններին, կազմակերպությունների և անձանց հաշվետերերի նույնականացմանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ միանալով կոնվենցիային՝ հնարավո՞ր է բանկային գաղտնիքի հետ խնդիրներ լինեն, քանի որ փոխանակվող ֆինանսական տվյալների մի մասն ունի գաղտնիություն, նախարարի տեղակալը պարզաբանեց՝ խոսքը վերաբերում է հենց գաղտնիքով պաշտպանված տվյալների փոխանակմանը:
«Հայաստանը գրեթե վերջինների շարքում է, որ միանում է: Կարծում ենք՝ շատ ավելի շուտ միանալն ավելի մեծ օգուտներ կբերեր հարկային թափանցիկության համար»,- ասաց նա:
Պատգամավորը ճշտեց՝ փոխանակվող տեղեկությունը վերաբերելո՞ւ է ֆիզիկական անձի ավանդների մասին տվյալների փոխանակմանը, կամ, ասենք, շվեյցարական բանկում պահվող գումարներին: Նախարարի տեղակալը պարզաբանեց. «Մենք կարող ենք ունենալ Հայաստանի բանկերից տվյալներ, բայց չենք կարող ունենալ Շվեյցարիայի բանկերից տվյալներ: Փոխարենը Շվեյցարիայի բանկերից տվյալներ ունի Շվեյցարիայի հարկային մարմինը, ու մենք իրար հետ փոխանակում ենք հենց այդ տվյալները: Օրինակ՝ շվեյցարական բանկում Հայաստանի ռեզիդենտը, որն ունի զգալի ավանդ կամ այլ հաշիվ, այդ տվյալն այսուհետ փոխանցվում է Հայաստանի հարկային մարմնին, և փոխադարձը մենք ենք տալիս, եթե Շվեյցարիայի ռեզիդենտ ունի Հայաստանում ֆինանսական հաշիվ:
47 երկիր արդեն փոխանակվում է Հայաստանի հետ [այդ տվյալներով], այս տարի երկրների ցանկը կընդարձակվի»: