ՊԵԿ-ն առաջարկում է Հարկային, Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարել: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ ապրիլի 14-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Անդրադառնալով Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին՝ ՊԵԿ նախագահը պարզաբանեց՝ ՊԵԿ-ը հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը և հարկ վճարողին ծանուցելով՝ փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարածի մասին:
«Հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա թեմատիկ ուսումնասիրությամբ արձանագրելու իրավախախտումը և կազմելու համապատասխան վարչական ակտ, որն էլ կարող է բողոքարկվել համապատասխան ընթացակարգերով, որից հետո ՊԵԿ-ը որոշում կկայացնի հաղորդում ներկայացնելու մասով: Բացառություն են կազմելու այն դեպքերը, որոնք ենթադրում են անհապաղ գործողություններ, որպեսզի փաստերն ու ապացույցները չկորչեն: Եվ սրա համար կարիք կա օրենսգրքում թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանել գործարքի հիմքը, ինչպես նաև ուսումնասիրությունը հարկային տարվա ընթացքում միայն 1 անգամ իրականացնելու պայմանները: Արդյունքում տարվա մոտ 600 նախնական հաշվարկներից առնվազն կեսը կանցնեն վարչական պրոցեսներով, և հարկ վճարողների իրավունքն ամբողջությամբ կիրացվի»,- ասաց նա:
Հաջորդը Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունն է, որը վերաբերում է հարկային հանցագործությունների հետ կապված շեմերին: Խոշոր չափի դեպքում 10 մլն շեմն է գործում՝ հարկեր-տուրքերը չվճարելու, իսկ առանձնապես խոշոր չափը՝ 20 մլն:
«Պատմական մեծ քայլ ենք կատարում՝ առաջարկելով խոշորը 3 անգամ բարձրացնել՝ հասցնելով 30 միլիոնի, ընդ որում՝ 2 հաջորդող տարվա համար՝ 45 միլիոնի, իսկ առանձնապես խոշորը առաջարկում ենք բարձրացնել 2 անգամ՝ 25-50 մլն, իսկ 2 հաջորդող տարվա պարտավորությունների համար՝ արդեն 75 մլն դրամ: Արդյունքում ի՞նչ է տեղի ունենալու: Մոտ 600 քրեական գործեր կապաքրեականացվեն, իհարկե, հարկ վճարողների համաձայնությամբ, իսկ նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի: Իսկ առանձնապես խոշորի դեպքում սանկցիան կդառնա միջին ծանրության»,- ասաց նա:
Երրորդ փոփոխությունը Քրեական դատավարության օրենսգրքին է վերաբերում: Քննարկումների արդյունքում հարցեր էին բարձրացնում՝ քրեական վարույթի շրջանակում կիրառվող արգելադրման գործիքակազմի հետ կապված: Ըստ այդմ՝ առաջարկվում են լավարկումներ՝ ներդնելով այլընտրանքային մեխանիզմ, որպեսզի հարկ վճարողը քրեական վարույթի ընթացքում ֆինանսական կորուստներ չկրի: Տվյալ դեպքում խոսքը գույքն արգելադրելու փոխարեն դրան համարժեք բանկային երաշխիք տրամադրելու մասին է, որը կիրառելու հնարավորություն գործող քրեադատավարական օրենսդրությունը չի նախատեսում:
«Առաջարկում ենք վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է արգելադրված գույքին համարժեք բանկային երաշխիք»,- ասաց նա:
Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանեց՝ այս փոփոխություններով մեղմացվում են կանոնները, և տնտեսվարողներին հարկային խախտումների դեպքում քրեական դաշտ տանելու համար ավելի բարձր նշաձողեր են դնում: «Այսինքն՝ եթե գործող կարգավորումներով քրեական գործի հարուցման շեմը 10 մլն դրամ է, նախ շեմի չափն է էապես վերանայվում, և երկրորդ կարևոր հարցը, որ լուծվում է, ինստիտուցիոնալ առումով մեխանիզմ ենք դնում, որպեսզի գործերը ՊԵԿ-ից մինչև գնան ՔԿ, մանրամասն ֆիլտր անցնեն»,- նշեց նա: