Զատկի հրադադարի մասին Կրեմլի հայտարարությանն ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «հայելային քայլեր» ձեռնարկել՝ հիշեցնելով, որ Կիևն արդեն առաջարկել էր զինադադարի ռեժիմ սահմանել Զատկի տոնի ժամանակ։
Նույն օրը Կրեմլի կայքը հրապարակել էր հայտարարություն, որում նշվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ հրադադար է հայտարարել Ուկրաինայի դեմ պատերազմում՝ ապրիլի 11-ին Մոսկվայի և Կիևի ժամանակով ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի վերջ։
Վլադիմիր Պուտինը 2025 թվականի ապրիլի 19-ի երեկոյան՝ Զատկից մեկ օր առաջ, հայտարարել էր հրադադարի և Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Զելենսկին համաձայնել էր այդ նախաձեռնությանը և Ռուսաստանին առաջարկել էր այն երկարաձգել։ Սակայն հենց հաջորդ օրը Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրել էին հրադադարը խախտելու համար։