ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ սահմանների համալիր կառավարման ռազմավարական նախագծի մշակման շրջանակում Եվրոպական Միության Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման (EU TAIEX) ծրագրով Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Հանդիպման ընթացքում ՊԵԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի համալիր կառավարման համակարգ» ռազմավարական ծրագրի նախագծի փորձագիտական գնահատման (peer review) և դրա հետագա զարգացման համատեքստին առնչվող հարցեր։
Քննարկմանն անդրադարձ է կատարվել ՀՀ սահմանների համալիր կառավարման՝ ՊԵԿ իրավասությունների տիրույթում գտնվող հարցերին, մասնավորապես, անդրսահմանային հանցագործությունների, սպառնալիքների բացահայտման և քննության, սահմանային իրավիճակի ընթացիկ վերլուծության և վերահսկման կարևորագույն կոմպոնենտներին, սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների հետ միջգերատեսչական համագործակցության ասպեկտներին, ինչպես նաև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում ընթացող գործընթացներին։
Քննարկվել են նաև տվյալ ոլորտում նախանշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ բարեփոխումները, ՊԵԿ կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման առանցքային ուղղությունները և տեխնիկական աջակցության հեռանկարները։
Փորձագիտական առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի հետ փոխգործակցությունը՝ արձանագրելով միջազգային համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՖՐՈՆՏԵՔՍ-ի ներկայացուցիչները։ Փորձագիտական առաքելության շրջանակում նախատեսվում են նաև այցեր պետական սահմանի մի շարք անցակետեր՝ առկա իրավիճակին տեղում առավել մանրամասն ծանոթանալու նպատակով։