Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամն առանցքային դեր ունի Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարկային վարչարարության առաջնահերթություններն ու բարեփոխումները, 2025 թվականի հարկային եկամուտների կատարողական ցուցանիշները, եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը, հարկային վարչարարությանն առնչվող կառուցվածքային հենանիշերի նոր ուղղությունները, ինչպես նաև ստվերի բացահայտման ուղղությամբ իրականացված և պլանավորվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել հարկային կարգապահության ծրագրերին և կամավոր կարգապահությանը միտված միջոցառումներին, ինչպես նաև ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի լավարկման, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքների կիրառման ուղղությամբ իրականացված քայլերին։
Կողմերը քննարկել են նաև մաքսային վարչարարության վերջին բարեփոխումները, մասնավորապես, ապրանքների ինքնաշխատ բացթողնման համակարգի ներդրումը, ամբողջությամբ ներդրված էլեկտրոնային ծանուցումների համակարգը, արտահանման 24/7 ռեժիմի սահմանումը, ռիսկերի կառավարման համակարգի վերանայման ուղղությամբ իրականացված քայլերը և «EXIM» տեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները։