Յուրաքանչյուր մարդ ունի արժեհամակարգ, և պետք է ասեմ հետևյալը. անկախ նրանից՝ եղել եմ պատգամավոր, ՍԴ աշխատակազմի աշխատակից, համալսարանական դասախոս թե կատարել եմ որևիցե այլ աշխատանք, մշտապես առաջնորդվել եմ այն ընկալմամբ, որ յուրաքանչյուր անձ պետք է ունենա ժողովրդավարական արժեհամակարգ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 24-ի նիստին ՍԴ դատավորի ընտրության մասին նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը:
«Ժողովրդավարական արժեհամակարգն է մեզ դարձնում այն, ինչ մենք կանք: Ժողովրդավարական արժեհամակարգի պարագայում է հնարավոր ապահովել նորմալ բնականոն պետության զարգացումը»,- հայտարարեց Վարդանյանը:
Ինչ վերաբերում է ՍԴ-ի թերծանրաբեռնվածությանը, ասաց՝ դա միֆ է, որը դեռևս շարունակում է մնալ մեր հասարակության մեջ, որովհետև Սահմանադրական դատարանը վերջին շրջանում առավել քան ծանրաբեռնված է:
Նրա խոսքով՝ ՍԴ-ի գործառույթն այնպիսին չէ, ինչպիսին է, օրինակ՝ ընդհանուր իրավասության դատարաններինը, բայց այդուհանդերձ, ՍԴ-ում քննարկվող ցանկացած հարց կարող է կարևորագույն նշանակություն ունենալ պետության զարգացման գործում:
Ինչ վերաբերում է ՍԴ-ի դերին, ասաց՝ ի վերջո՝ սահմանադիրն է որոշում՝ ինչ համակարգ ունենալ:
«Բայց քանի դեռ սահմանադիրը որոշել է, որ Սահմանադրության գերակայության ապահովման գործառույթը պետք է իրականացնի ՍԴ-ն, յուրաքանչյուրս պետք է հարգենք այդ կարգավիճակը»,- խոսքը եզրափակեց Վլադիմիր Վարդանյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց՝ ՍԴ դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջարկել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: