Ես ցավում եմ Հրայր Թովմասյանի և՛ լիազորությունների վաղաժամկետ դադարի համար, և՛ ամբողջ այս ոդիսականի համար. մեր նմանությունը հետևյալում է՝ մենք երկուսս էլ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից գնում ենք ՍԴ: Այս մասին, խորհրդարանում պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը:
«Եթե շատ ավելի անկեղծ՝ պարոն Թովմասյանը հրաժարական էր ներկայացրել նաև հանձնաժողովի նախագահի պաշտոնից, երբ առաջադրվել էր ՍԴ դատավորի պաշտոնում, բայց կա մի էական տարբերություն: Նախ՝ ՍԴ դատավորներից առնվազն հինգը Սահմանադրական դատարան են գնացել անմիջապես խորհրդարանից, և երբեք դա հարց չի առաջացրել՝ Կիմ Բալայան, Արևիկ Պետրոսյան, Ռաֆայել Պապայան. թիվը մեծ է եղել»,- հայտնեց Վարդանյանը:
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, ասաց՝ խնդիրը ոչ նրա մեջ էր, որ նա խորհրդարանից տեղափոխվեց ՍԴ, որքան նրա մեջ, որ լինելով Սահմանադրության նոր տեքստի ջատագով, խոսելով նրա մասին, որ սահմանադրական նոր կարգավորումներն ավելի ժողովրդավարական են, ըստ էության, լինելով Սահմանադրության Այո-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուհանդերձ, նոր Սահմանադրության, իր իսկ կողմից կերտված Սահմանադրությունը թողնում է մի կողմ և ընտրվում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ:
«Օրեր անց: Սա, իմ կարծիքով, նույն իրավիճակի մասին չի վկայում, մենք տարբեր իրավիճակներում ենք: Հավատացնում եմ ձեզ»,- ասաց նա:
Վարդանյանը հորդորեց չխառնել կուսակցական կարգապահության պահպանումը, որը շատ կարևոր է խորհրդարանական ուժերի ձևավորման համար, անկախության և անաչառության հետ:
Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջարկել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: