Ես շատ գիտակցաբար գրել եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում, որովհետև չեմ ուզել և ուզում, որ իմ խորհրդարանական գործընկերները կաշկանդված լինեն: Եթե դու ստանձնում ես որոշակի դերակատարություն, պետք է գնաս առաջ, չպետք է վախենաս: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 24-ի նիստին ՍԴ դատավորի ընտրության մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը:
«Ես շատ եմ սիրում խորհրդարանական աշխատանքը, շատ եմ սիրում նաև ՍԴ-ն: Ես արմատներով Սահմանադրական դատարանից եմ, բայց ես չեմ ուզում իրավիճակ ապահովել, որ այստեղ չստացվեց, այնտեղ գոնե կմնամ, ո՛չ: Սա բարոյականության, էթիկայի խնդիր է, սա ճիշտ է»,- ասաց Վարդանյանը՝ պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե արդյոք չի՞ շտապել Վարդանյանը՝ վայր դնելով պատգամավորի մանդատը, քանի որ հնարավոր է՝ չընտրվի ՍԴ դատավոր:
Նրա խոսքով՝ եթե հնարավորություն ունենար ավելի վաղ հրաժարվել մանդատից, ավելի վաղ կհրաժարվեր և խորհրդարանում հանդես կգար ոչ թե երկակի կարգավիճակով, այլ որպես զուտ ՍԴ դատավորի թեկնածու:
Հիշեցնենք, որ Վարդանյանը ավելի վաղ գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ նշելով, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը: