ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք լրացուցիչ զորակազմ չի ուղարկի Իրանի հետ Միացյալ Նահանգների ու Իսրայելի պատերազմի պատճառով: Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի հետ զրույցում՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի՝ Սպիտակ տուն այցի ժամանակ: «Ես զորքեր չեմ ուղարկում ոչ մի տեղ»,- պատասխանել է Թրամփը խնդրի վերաբերյալ լրագրողի հարցին:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունը՝ Մերձավոր Արևելք տեղափոխելով ևս մի քանի հազար զինծառայողի: Ըստ տեղեկությունների՝ Վաշինգտոնում դիտարկում են պատերազմը շարունակելու տարբեր սցենարներ, ներառյալ ցամաքային գործողության մեկնարկը, ինչպես նաև Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը ռազմական ճանապարհով վերացնելու հարցը:
Բացի այդ, լրագրողները պնդել են, որ ամերիկյան վարչակազմը դիտարկում է զորքեր ուղարկելու տարբերակը՝ Իրանում հարստացված ուրանի պաշարները վերահսկելու համար: Axios-ը նախկինում հաղորդել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունների միջև նմանատիպ քննարկումների մասին: