2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը ներառել են՝
-
Ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորումը,
-
Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կոմիտեի գործառույթների սահմանումը,
-
Նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների փոխլրացնող գործունեության համակարգումը և առաջիկա անելիքների պլանավորումը,
-
Ընտրական հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման և քննության ոլորտում ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը։
Կոմիտեի նախագահին ներկայացվել է աշխատանքների ընթացիկ վիճակը, գույքագրվել են առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Քննարկումների արդյունքում նախագահի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորման ժամկետների, կազմի և աշխատակարգի սահմանման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու գործիքակազմի և ներգրավվելիք միջոցների հստակեցման վերաբերյալ։ Միաժամանակ հանձնարարականներ են տրվել նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների աշխատանքի համակարգված պլանավորման ուղղությամբ։
Կոլեգիայի նիստի ընթացքում կարևորվել է կոմիտեի գործուն դերը ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում, ինչպես նաև գործողությունների արդյունավետ համակարգումը՝ առկա ռիսկերին արագ և հետևողական արձագանք ապահովելու նպատակով։