Լեհ-հայկական խորհրդարանական խումբը հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացին։
Խումբը նշել է, որ առաջնորդվելով Լեհաստանի և Հայաստանի միջև երկարամյա բարեկամական հարաբերություններով` ուշադիր հետևում է Հայաստանի և ԵՄ համագործակցության զարգացմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան, որը տեղի է ունեցել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-րդ տարեդարձի օրերին, հաստատել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը։
Ըստ փաստաթղթի՝ քաղաքական հարաբերությունների ակտիվ զարգացումը համահունչ է Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու ձգտումներին։ Լեհ-հայկական խորհրդարանական խումբը նաև աջակցություն է հայտնել Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղությանը, որն ուղղված է ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնմանը և Արևմուտքի հետ կապերի ամրապնդմանը։
Խմբի համոզմամբ՝ Հայաստանի կառավարության իրականացրած ժողովրդավարական բարեփոխումները կարող են բերել շոշափելի արդյունքներ և նպաստել երկրի անվտանգության ամրապնդմանը։
Հայտարարությունում գոհունակությամբ նշվում է նաև անցյալ տարվա դեկտեմբերին ընդունված Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը, որը զգալիորեն ընդլայնել է համագործակցության շրջանակը և արտացոլում է կողմերի միջև համագործակցության բարձր դինամիկան։
Լեհաստանը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին՝ տրամադրելով փորձագիտական աջակցություն, կիսելով սեփական փորձը և օգնելով եվրոպական ինտեգրման հետ կապված տարբեր ոլորտներում։
Միևնույն ժամանակ Լեհաստանն աջակցում է Եվրամիության այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանին աջակցելուն։ Դրանք ներառում են քաղաքական և անվտանգության համագործակցության խորացում, տնտեսական աջակցություն, ժողովուրդների միջև կապերի զարգացում և երկարաժամկետ բարեփոխումների իրականացում։
Հատկապես կարևոր է Հայաստանին աջակցությունը հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարում։ Լեհ-հայկական խորհրդարանական խումբը նաև աջակցում է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԵՄ հարաբերությունների զարգացմանը։
Խումբը ողջունել է Եվրամիության խորհրդի որոշումը՝ այս տարվա հունվարին Հայաստանի զինված ուժերին աջակցելու նպատակով Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում 20 միլիոն եվրո տրամադրելու վերաբերյալ, ինչը նպատակ ունի բարձրացնելու կայունությունը ԵՄ հարևան տարածաշրջանում։ Հայտարարությունում ընդգծվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման և հարաբերությունների լիակատար կարգավորման կարևորությունը, որը կարող է էապես փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Նշվում է նաև, որ Լեհաստանն ակտիվորեն ներգրավված է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMA) գործունեության մեջ, որի աշխատանքը նպաստում է խաղաղության գործընթացին։ Փաստաթղթում ընդգծվում է, որ կայուն խաղաղությունը կնշանակի տարածաշրջանի անվտանգության բարձրացում, տարանցիկ ուղիների բացում և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծում։ Այդ համատեքստում Լեհ-հայկական խորհրդարանական խումբը աջակցություն է հայտնել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։