Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի պատգամավոր Յոհաննես Շրապսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
«Հայաստանը և Գերմանիան անցած տարվա դեկտեմբերին ստորագրել են «Գործընկերության ռազմավարական օրակարգի» հռչակագիրը, ինչը սահմանում է քաղաքական, տնտեսական, զարգացման և կարողությունների ամրապնդման, մշակույթի, կրթության, գիտության, անվտանգության և պաշտպանության ոլորտներում առավել սերտ համագործակցություն։ Եվրոպական Միության հետ Հայաստանը ևս ստորագրել է «Գործընկերության ռազմավարական օրակարգի» հռչակագիր, որն իր հերթին սահմանում է համագործակցություն ժողովրդավարության, իրավունքի գերակայության, արդարադատության բարեփոխումների, մարդու իրավունքների, սոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկ անվտանգության, առևտրի դիվերսիֆիկացման, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
Դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և Բունդեսթագի Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յոհաննես Շրապսի (ՍԴԿ) հանդիպման ընթացքում կարևորվել է Բունդեսթագի հետ համագործակցությունը՝ ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու համատեքստում։
Դեսպանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանի ներկայիս զարգացումները, Հայաստան-ԵՄ ինտեգրման գործընթացները։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերին։
ՀՀ դեսպանը պատգամավորին շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ կապված վերջինիս կառուցողական դիրքորոշման և աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։