Փետրվարի 26-ին «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական գործարար պատվիրակության հետ, որը գլխավորել է MEDEF International-ի Ֆրանսիա-Հայաստան գործարար խորհրդի նախագահ Գոտյե Ռիկորը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և MEDEF International-ի միջև՝ Հայաստան-Ֆրանսիա գործարար համագործակցության ամրապնդման նպատակով:
«Ներկայացնելով Հայաստանի ռազմավարական վերափոխումն ու տարածաշրջանային ինտեգրման տնտեսական բաղադրիչը՝ Գոհար Աբաջյանը նշել է․
«Հայաստանը գտնվում է կարևոր փուլում, և աշխարհագրական դիրքը առավելություն է դառնում, երբ կապերն ամուր և կայուն են։ Հայաստանի համար խաղաղությունն ու կայունությունը վերացական նպատակներ չեն, այլ տնտեսական ակտիվներ։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP-ի միջոցով մենք ամրապնդում ենք բազմամոդալ կապերը Սև ծովի, Կասպից տարածաշրջանի և Պարսից ծոցի միջև։ Խաղաղության հաստատմամբ Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր փուլ՝ խորացված տարածաշրջանային ինտեգրմամբ և բարելավված ենթակառուցվածքներով, իսկ ես առաջարկում եմ ձեզ միանալ այս զարգացմանը»։
Քննարկման առանցքում էին տարածաշրջանային կապերի զարգացումը և գործնական համագործակցությունը՝ շեշտադրելով բազմամոդալ տրանսպորտային միջանցքները, ենթակառուցվածքները, շարժունակությունը, արդյունաբերական գործընկերությունները և ֆրանսիական ընկերությունների համար գործարար միջավայրի ձևավորումը։
«Էնթերփրայզ Արմենիա»-ի և MEDEF International-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով ստեղծվում է ներդրումների խթանման, բիզնես ներգրավման, համատեղ նախագծերի զարգացման և երկու շուկաներում ինստիտուցիոնալ աջակցության հարթակ։
Համաձայնագիրը նշանավորում է անցում դեպի գործնական քայլերի իրականացում, չափելի արդյունքներ և ընկերությունների մակարդակով համագործակցության զարգացում։
«Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Աննա Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջնահերթ ոլորտները՝ մատնանշելով ֆրանսիական ներդրողների համար կոնկրետ մուտքի ուղիներ։
Այս հուշագիրը ձևավորում է գործնական համագործակցության նոր ալիք հայ և ֆրանսիական բիզնեսների միջև՝ հիմնված տարածաշրջանային կապերի, ենթակառուցվածքների զարգացման և սահմանվող առևտրային նախագծերի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։