Հայաստան-Եվրամիություն Գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը պատասխան էր Եվրոպական Միության հետ կապերի խորացման՝ Հայաստանի արտահայտած հավակնություններին և արտացոլում էր երկկողմ հարաբերությունների աճող դինամիկան՝ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն «ԱՊԱ» գործակալության հետ հարցազրույցում։
«Ռազմավարական օրակարգը ներառում է ուղղությունների լայն շրջանակ, ներառյալ՝ ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, դատական համակարգի բարեփոխումները, մարդու իրավունքները, սոցիալ-տնտեսական զարգացումը, կապակցվածությունը, էներգետիկ անվտանգությունը, թվային փոխակերպումը, առևտրի դիվերսիֆիկացումը, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում նոր համագործակցությունը: Ռազմավարական օրակարգը նաև ընդգծում է Ղարաբաղից հեռացած հայերի սոցիալական և տնտեսական ինտեգրմանն աջակցելու կարևորությունը Հայաստանի հասարակության մեջ»,- նշել է Գրոնոն:
Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարևորում է ԵՄ Global Gateway ծրագրի շրջանակներում ռազմավարական ներդրումները, ինչպես նաև աջակցությունը այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսին է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ Գրոնոն նշել է, որ առաքելության մանդատի և գործունեության ապագայի վերաբերյալ քննարկումները կանցկացվեն Երևանի և Բրյուսելի միջև պատշաճ ժամկետներում՝ հաշվի առնելով խաղաղության գործընթացում զարգացումները:
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ի վեր արձանագրվել են մի շարք դրական քայլեր, որոնք Եվրամիությունը ողջունել է: