ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ առաջիկա երեք շաբաթում կարող են կայանալ բանակցություններ, որոնք հնարավորություն կբացեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման համար։
«Ես և Ջարեդը (ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշներ - խմբ.) հույս ունենք առաջիկա երեք շաբաթվա ընթացքում երկու կողմերին ներկայացնել որոշ առաջարկներ, որոնք նրանց կնստեցնեն ընդհանուր սեղանի շուրջ և, հնարավոր է, ինչ-որ մի պահի կհանգեցնեն Զելենսկու և Պուտինի միջև գագաթնաժողովի, իսկ գուցե ինչ-որ փուլում՝ եռակողմ հանդիպման նախագահի (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ - խմբ.) մասնակցությամբ, տեսնենք»,- Fox News-ի եթերում հայտարարել է Ուիթքոֆը։
Նրա խոսքով՝ Թրամփը չէր մասնակցի եռակողմ հանդիպմանը, եթե վստահ չլիներ, որ այն կհանգեցնի համաձայնության հաստատման և «ավելի լավ արդյունքի»։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ը։
Ռուսական պատվիրակությունը բանակցություններում գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։