Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը մոտ 5 ժամ է տևել։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը։
Մինչ այդ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Մայամիում ուկրաինական կողմի հետ հանդիպման ժամանակ քննարկել էին ԱՄՆ խաղաղության ծրագրի մի քանի հիմնական դրույթները՝ տարածքային փոփոխությունները և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։
Կրեմլի խոսնակԴմիտր Պեսկովը հայտնել է, որ մոսկովյան հանդիպումը կառուցողական է եղել, սակայն ծրագրի որոշ մասեր անընդունելի են մնացել Ռուսաստանի համար։
Ամերիկյան պատվիրակությունը Մոսկվայից հեռանալուց հետո որևէ մեկնաբանություն չի արել։ Ըստ Axios-ի՝ Պուտինի հետ հանդիպումից հետո ամերիկացի բանակցողները կհանդիպեն Ուկրաինայի նախագահի հետ՝ նրան ներկայացնելու Ռուսաստանի նախագահի հետ իրենց զրույցի արդյունքները։ Սպասվում է, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Կիևի և Եվրոպայի կողմից ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրի նախագծում արված փոփոխություններն անընդունելի են՝ հավելելով, որ եթե Եվրոպան ցանկանում է պատերազմ սկսել, Ռուսաստանը պատրաստ է։
«Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել եվրոպական երկրների դեմ, բայց եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան»,- մասնավորապես ասել էր Պուտինը: