ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում գեղասահքի սպորտային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրած Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել օլիմպիական խաղերում արժանապատիվ մասնակցության և ելույթի համար։
«Մենք արդեն ունենք Հայաստանի համար աննախադեպ արդյունք, ինչի համար շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Չնայած մրցումների բարձր լարվածությանը՝ դուք արել եք առավելագույնը, և ձեր ջանքերը իզուր չեն»,– նշել է Հասմիկ Ավագյանը։
Գեղասահորդները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։ Նրանք նշել են, որ թեև նպատակ ունեին հայտնվել լավագույն տասնյակում, սակայն անկախ արդյունքից՝ օլիմպիական խաղերում առաջին անգամ հանդես գալու հնարավորությունն արդեն իսկ համարում են մեծ ձեռքբերում և կարևոր փորձ իրենց մարզական կարիերայում։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը երիտասարդ մարզիկներին հաջողություն է մաղթել առաջիկա մրցումներում՝ վստահություն հայտնելով, որ նրանք շարունակելու են բարձր պահել հայկական սպորտի պատիվը միջազգային հարթակներում։ Քննարկվել են նաև առաջիկա մրցաշարերի մասնակցությանը, մարզումային գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը ձմեռային օլիմպիական խաղերում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: