Ռուսական նավթի պահեստներում ավելի ու ավելի քիչ ազատ տարածք է մնում, քանի որ Արևմուտքի ճնշումը դժվարացնում է Ռուսաստանի համար նավթի արտասահմանյան վաճառքը, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ ռուսական նավթի արտահանումը ծովային ճանապարհով նվազում է արդեն երրորդ ամիսը: 2025 թվականի դեկտեմբերին դրա օրական ծավալը կազմում Էր 3,8 մլն բարել, 2026 թվականի հունվարին՝ 3,4 մլն բարել, իսկ այժմ՝ մոտ 2,8 մլն բարել։ Մինչդեռ լցանավերում պահվող ռուսական նավթի ծավալը հասել Է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով 150 մլն բարելը:
Ներկայումս Ռուսաստանում պահվող նավթի պաշարները հասել են մոտավորապես 16 միլիոն բարելի, ինչը կազմում է Ռուսաստանի նավթի պահեստավորման ընդհանուր հզորության մոտավորապես 51%-ը։ Նույնիսկ խողովակաշարեր և լրացուցիչ պահեստավորման բաքեր օգտագործելու դեպքում ընդհանուր հզորությունը կարող է հասնել մինչև 100 միլիոն բարելի։ «Եթե արտահանումը սահմանափակվի, վերգետնյա պահեստային կառույցները կարող են արագ լցվել, արտադրողներն էլ ստիպված կլինեն կրճատել արտահանումը»,- եզրակացնում են վերլուծաբանները:
Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանը հունվարին օրական միջինն արտահանել է 9,28 միլիոն բարել նավթ, ինչը 40000 բարելով պակաս է դեկտեմբերից և 300000 բարելով ցածր է ՕՊԵԿ անդամ երկրների հետ համաձայնագրով սահմանված արտադրության սահմանաչափից։
Գործակալությունը նաև հայտնել է, որ Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում ներկայումս գտնվում են մոտ 12 միլիոն բարել ռուսական նավթ պարունակող լցանավեր, որոնք դեռևս գնորդներ չեն գտել։