Ռուսաստանի ղեկավարությունը «վճռականորեն հերքում է» ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ իր հասցեին ուղղված մեղադրանքները։ Այդ մասին երկուշաբթի՝ փետրվարի 16-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Կրեմլն այդ մեղադրանքները համարում է «կողմնակալ և անհիմն»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Նավալնիի կենսանյութերի նմուշների հետազոտության արդյունքների մասին հայտարարություններն անվանել էր «տեղեկատվական արտահոսք», որն արվել էր իբր «Արևմուտքի հրատապ խնդիրներից ուշադրությունը շեղելու համար»:
Նավալնին «մեծ հավանականությամբ» մահացել է էպիբատիդինով թունավորումից, թույն, որը ստացվում է էկվադորյան գորտի մաշկից։ Այս եզրակացությանն են հանգել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Շվեդիայի կառավարությունները, քանի որ այդ երկրների լաբորատորիաները Նավալնիի կենսանյութերի նմուշներում թույնի հետքեր են հայտնաբերել։
Նշվում է, որ թունավոր գորտերը բնակվում են Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում չեն հանդիպում և անազատության պայմաններում էպիբատիդին չեն արտադրում։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հավելել է, որ «միայն ռուսական պետությունն ուներ միջոցներ, շարժառիթ և հնարավորություն Նավալնիի դեմ օգտագործելու այդ մահացու թույնը Սիբիրի ռուսական քրեակատարողական գաղութում նրա բանտարկության ընթացքում»։
Հինգ երկրի արտաքին գործերի նախարարները նաև հայտարարել են, որ փետրվարի 14-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրենին տեղեկատվություն են փոխանցել Ռուսաստանի կողմից Քիմիական զենքի կոնվենցիայի խախտման վերաբերյալ։