ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր հանդիպել է Հայաստանի ավանդական ուշուի ազգային հավաքականի ներկայացուցիչներին։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը հետևել է հավաքականի մարզումներին, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին և զրուցել մարզիկների ու մարզիչների հետ։ Հասմիկ Ավագյանը կարևորել է հետևողական և նպատակային մարզումները՝ ընդգծելով, որ միջազգային հարթակներում հաջողությունները պայմանավորված են ամենօրյա քրտնաջան աշխատանքով և նվիրվածությամբ։
Այցի ընթացքում Հասմիկ Ավագյանը շնորհավորել է հավաքականի առաջատար մարզիկ, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արսեն Բաղրյանին, որն Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում։ Առաջիկայում Արսեն Բաղրյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք սանդայի աշխարհի գավաթի խաղարկությանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը բարձր է գնահատել մարզիկի նվաճումները՝ ընդգծելով, որ նրա հաջողությունները ոչ միայն մեծ ձեռքբերում են հայկական սպորտի համար, այլև ոգեշնչող օրինակ պատանի սաների և ապագա չեմպիոնների համար։
Ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին Թբիլիսիի նոր մարզադահլիճում կանցկացվի Եվրասիական պրոֆեսիոնալ սանդայի լիգան, որտեղ Հայաստանը կներկայացնի ՀԱՈւՖ մարզիկ Ավանես Զաքարյանը։ Մրցաշարին կմասնակցեն Իտալիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հայաստանի և Վրաստանի ուժեղագույն մարզիկները։
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը տեղեկացրել է՝ մարզիկները պատրաստվում են մասնակցել երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությանը, որը կկայանա Չինաստանի Տյանձին քաղաքում մարտի 21-31-ը։
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան կմասնակցի 8-հոգանոց կազմով՝ երկու մրցաձևում՝ սանդա և թասլու: Ընդ որում՝ թասլու մրցաձևում հանդես եկող Սիրանուշ Ավագյանը կպայքարի երիտասարդների օլիմպիադայի ուղեգիր վաստակելու համար:
Մայիսին էլ Հայաստանի ներկայացուցիչները մեծաքանակ կազմով կմասնակցեն Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությանը, որը տեղի կունենա Ֆրանսիայում։
Հասմիկ Ավագյանը հաջողություն և հաղթական մրցելույթներ է մաղթել Հայաստանի ներկայացուցիչներին առաջիկա միջազգային մրցաշարերում՝ վստահություն հայտնելով, որ նրանք լավագույնս կներկայացնեն մեր երկիրը՝ գրանցելով նոր հաջողություններ:
Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև մարզիկներին և մարզիչներին հուզող մի շարք հարցեր։