Արմեն Ռուստամյանն ասում է՝ ծանր հրետանին հանել եք Դաշնակցության դեմ: Ա՛յ պարոն Ռուստամյան ջան, Դաշնակցության դեմ ծանր հրետանի հանելու կարիք չկա, մի «ռագատկեն» ամբողջությամբ հերիք է: Դուք էլ էն հին, բարի, ուժեղ, մեծ կուսակցությունը չեք: Դուք արդեն մի կուսակցություն եք, որը պարզապես սարսափում է խոսքից: Այդ մասին Ազգային ժողովում Հակոբ Հակոբյանի՝ ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Շատ վաղուց է եկել ժամանակը, որ Դաշնակցության կարգախոսը փոխվի, որովհետև Դաշնակցությունն անցած դարի վերջերից «Մահ կամ ազատություն» կարգախոսի հետ ոչ մի առերեսում չունի ու ոչ մի կապ չունի: Դաշնակցության կարգախոսն արդեն վաղուց եղել է և կա...
Կարծում եմ, որ հենց այստեղ՝ այս դահլիճում, պետք է հայտարարվի Դաշնակցության նոր կարգախոսը, ու ես ինձ վրա եմ վերցնում այդ բեռը, քանի որ դահլիճում ոչ մի դաշնակցական չկա: Թույլ տվեք այսօր ի լուր համայն Հայաստանի հայտարարել Դաշնակցության նոր կարգախոսը՝ «Մահ կամ գուբերնիա»»,- ասաց նա՝ չբացառելով, որ էվոլյուցիայի ընթացքում այն կարող է դառնալ «Ե՛վ մահ, և՛ գուբերնիա»:
Ըստ պատգամավորի՝ այս ամենի լուսավոր կետն այն է, որ քաղաքացիները հասկանում են, թե Դաշնակցության կապիտուլյացիան միայն ՀՅԴ-ի կապիտուլյացիան չէ:
«ՀՀ քաղաքացիները «Ե՛վ մահ, և՛ գուբերնիա» կարգախոսին հակադարձել են շատ պարզ և շատ հստակ: ՀՀ քաղաքացիները ասել են, ասում են և նրանց այս թեզին պատասխանելու են մի բառակապակցությամբ՝ «Կյանք և ազատություն», որովհետև դա է այն, ինչի համար ապրում ենք, ինչի համար կա մեր պետությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ վերջինս, ըստ ընդդիմադիր պատգամավորի, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով:
Ըստ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի՝ ինքը Դաշնակցության մասին խոսել է պատմական կտրվածքով, իսկ դրա իրավունքն ունի, քանի որ մտավորական է: