«Մենք հասկանում ենք, որ այդ խաղաղությունը իդեալական չէ, բայց կարող ենք գլոբուսը դնել և պտտել այդ գլոբուսը և տեսնել, թե որտեղ է, որ խաղաղությունն իդեալական է: Ոչ մի տեղ խաղաղությունն իդեալական չէ, բայց այնտեղ, որտեղ կա խաղաղություն՝ կա բարեկեցություն, կա ազատություն, կա երջանկություն»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է պատմական ընտրություն կատարենք: Եվ հասել է այն պահը, որի մասին ես խոսում էի 2018 թվականին. 2018 թվականին ես խոսում էի մեր ժողովրդի պատմության արդեն մեզ հայտնի և կրկնված ցիկլերից դուրս գալու մասին: Մենք հիմա այդ պատմական ցիկլից, երբ մենք ինչ-որ աշխարհաքաղաքական շատ դեպքերում, մեզնից չկախված հանգամանքների բերումով ստանում ենք պետություն և հետո նորից մեզնից չկախված հանգամանքների բերումով կորցնում ենք պետությունը, այդ ցիկլից դուրս գալու մենք հնարավորություն ունենք, մենք հնարավորություն ունենք և արդեն իսկ դա տեղի է ունեցել: Դրա առաջին քայլերը տեղի են ունեցել կենտրոնանալու մեր պետության հարատևության օրակարգի վրա: Եվ ուզում եմ մենք գնահատենք, թե հենց այսօր՝ փետրվարի 10-ին, և նախորդող շրջանում, ի՞նչ է տեղի ունենում»,-նշել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է գտնվել ֆիզիկապես այնտեղ, որտեղ գտնվել է միշտ, բայց Հայաստանը բոլորի աչքի առաջ և համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն:
«Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առաջիկա ընտրություններին առաջինը՝ տեր պիտի կանգնի իր ջանքերով, իր զրկանքներով և կորուստներով ձեռքբերված խաղաղությանը: Կրկին ուզում եմ իմ խոնարհումն արտահայտել մեր բոլոր նահատակներին և ծնկի եմ գալիս նրանց առաջ և խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, բոլոր ընտանիքների առաջ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի այս խաղաղությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի աշխարհի ծայրագավառից աշխարհի կենտրոնում հայտնվելու այս գործընթացին: Բայց ես ուզում եմ մի բան ընդգծել՝ մենք չենք կարող Հայաստանը դարձնել կենտրոն, մեր միջավայրն այդ կենտրոնից դուրս մղելու ճանապարհով։ Մենք տարածաշրջանով ենք դառնում աշխարհի կենտրոն:
Տեսեք, շատ է խոսվում երաշխիքների մասին, սա է խաղաղության երաշխիքը, երբ խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ, ձեռնտու, քան հակառակը»,-ասել է նա։