Շատ է խոսվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու և հենց Եկեղեցու կողմից քաղաքական գործունեություն ծավալելու անթույլատրելիության մասին: Սրա շուրջ, ըստ էության, Հայաստանի հանրության շրջանում կա ըմբռնում, եթե չասենք կոնսենսուս կամ կոնսենսուս՝ մինուս մի քանիսը:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց այս կետից մեկ ուրիշ հարց է ծագում՝ արդյոք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պե՞տք է առնչություն ունենա մեր հանրային-քաղաքական կյանքին, և եթե այո, ինչպիսի՞ առնչություն:
Ես կարծում եմ, որ, այո՛, պետք է ունենա առնչություն, և Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրոկառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդները Եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները և կարող են կողք կողքի լինել մեր ազգային-եկեղեցական տոների ժամանակ, կողք կողքի մասնակցել պատարագի, կողք կողքի աղոթք հղել առ Աստված, իրար հետ կողք կողքի հաղորդություն ընդունել և կողք կողքի հաղորդակցվել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին:
Իմ կարծիքով՝ Եկեղեցին հենց այսպիսի հանրային դերակատարում պետք է ունենա, և նրա առաջնային անելիքը և մտահոգությունը պետք է լինի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետության, իրական կյանքում նրա դավանած արժեքների տարածման հարցը:
Ահա, թե ինչպես եմ պատկերացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առնչությունը մեր հանրային-քաղաքական կյանքին»,- ասում է վարչապետը:
Հիշեցնենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը հասել է 16-ի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դրան․ «Կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին և մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել և պաշտպանել Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին»։
Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին:
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։կան Սուրբ Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք