Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը արդեն 16 է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը և հարգանքներիս հավաստիքը Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։
Քահանա Հայրե՛ր, նաև Ձեր օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։
Նաև կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին և մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել և պաշտպանել Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետը
հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին
կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին:
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը,
հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Օրեր առաջ
տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։