Պառակտումը վաղուց է տեղի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովուրդը հեռացված է եկեղեցուց, և Հայաստանի ժողովուրդն ավելի ու ավելի պակաս կապ ունի իր եկեղեցու հետ, որովհետև եկեղեցու վերնախավի գործելակերպը հենց եկեղեցին մեկուսացնելն է ժողովրդից: Բայց եկեղեցին առաջին հերթին ժողովրդի եկեղեցին է, ժողովրդի համար է: Ընդհակառակը՝ այս պրոցեսը մարդկանց ավելի շատ է տանում եկեղեցի, նույնիսկ ընդդիմադիր գործիչները պատարագի են մասնակցում, սարկավագ են դառնում: Մեր խնդիրն է վերականգնել ժողովրդի և եկեղեցու միասնությունը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք եկեղեցու բարենորոգման ծրագրի իրականացումը ներքին պառակտման չի՞ տանում:
«Ինչ վերաբերում է սուրբծննդյան ուխտերթին, կարծում եմ՝ բավականին մարդաշատ էր, այնտեղ կային պետական պաշտոնյաներ, քաղաքացիներ, ինձ զոհված մայրեր են մոտեցել երթի ժամանակ. նրանք պետական պաշտոնյաներ չէին, մարզերի բնակիչներ են մոտեցել, արտերկրից մարդիկ էին եկել, որ այդ երթին մասնակցեին,- ասաց նա և հավելեց.- Այսինքն՝ վարչապետը հրավիրում է երթ, և կառավարման թիմակիցները պիտի չմասնակցե՞ն, պիտի բոյկոտե՞ն: Բա չմասնակցեին, կասեիք՝ վարչապետը երթ է հրավիրել, պաշտոնյաները բոյկոտել են, սա նշանակում է՝ կառավարման ճգնաժամ կա Հայաստանում: Պաշտոնյաներ էլ են մասնակցել, ոչ պաշտոնյաներ էլ: Այսինքն՝ իմ կոչն է եղել, ես եմ հրավիրել, չեմ ասել՝ պաշտոնյաները չգան, ոչ պաշտոնյաները գան»:
Փաշինյանը կարծիք հայտնեց, թե ուխտերթի ժամանակ ճնշող փոքրամասնությունն է եղել պետական ապարատի աշխատող, ապա առաջարկեց հաշվել, թե քանի պետական և ոչ պետական պաշտոնյա է մասնակցել դրան: