ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից նախորդող շրջանում ՀԷՑ-ը փող չի գողացել, հայտարարությանը:
«ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում վերջինիս կողմից նշանակվելով ՀԷՑ-ի Ժամանակավոր կառավարիչ՝ ավելի քան 5 ամիսների գործունեության ընթացքում տիրապետում եմ ահռելի տեղեկատվության և փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են վարչապետի խոսքերը, և ավելին՝ ՀԷՑ-ի կառավարման նախորդ շրջանի բազմաթիվ խախտումների, առերևույթ հանցակազմ պարունակող փաստերի հիմամբ այս պահին Քննչական կոմիտեում և Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված են շուրջ երկու տասնյակ քրեական վարույթներ։
Այդ փաստերի ու համակարգային խախտումների հիմքով էր նաև, որ ՀԾԿՀ-ն հարուցված վարույթի արդյունքում 2025 թ. նոյեմբերի 17-ին ՀԷՑ-ին զրկեց բաշխման լիցենզիայից։
Ի՞նչ ի նկատի ունի վարչապետը, երբ ասում է, որ «ՀԷՑ-ը փող է գողացել» մեր ժողովրդից.
դա մի քանի քրեական վարույթների նյութերով արդեն իսկ հիմնավորված՝ ՀԷՑ-ի բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծավալների ահռելի հավելագրումների փաստերն են տասնյակ հազարավոր ընտանիքների, կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների հաշվառման սարքերին, ովքեր չեն սպառել, սակայն տարիներ շարունակ վճարել են դրա դիմաց, դա ինքնավար էներգաարտադրող՝ հազարավոր ընտանիքների արևային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների ահռելի չափերով թերգրանցումներն են, որոնք հետ են մղվել ՀԷՑ-ի բաշխիչ ցանց, և վերջիններս իրենց օրինական արտադրանքի համար որևէ կերպ չեն փոխհատուցվել, դա ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գործող՝ առանց այդ էլ բավականին թանկ սակագնի մեջ ուղղակիորեն ներառված ներդրումային ծրագրի ծախսային հոդվածներն են, որոնք տարիներ շարունակ իրականացվել են փակ տնտեսական մոնոպոլ արժեշղթայի գործադրմամբ՝ շուկայական գներից բազմապատիկ անգամ բարձր և ուռճացված արժեքներով, իսկ դրա դիմաց վճարել է ՀՀ քաղաքացին՝ սակագնի մեջ ներառված գումարի տեսքով…
Եվս տասնյակ նման օրինակներ կարող եմ բերել…
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն
անդրադարձել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում (ՀԷՑ) ստեղծված իրավիճակին։
«Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, չկա գոնե մի հիմնարկ, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել»,- ասել էր վարչապետը։