Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում (ՀԷՑ) ստեղծված իրավիճակին։
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև հոսանքազրկումներին, նշեց, որ ՀԷՑ-ը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները, և եթե Կառավարությունը վերջին ամիսներին միջամտություն չունենար, իրավիճակը «երեք անգամ ավելի» վատ կլիներ։
«Այն փաստը, որ մարդիկ Ամանորի գիշերն անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որոնք նախորդիվ շրջանում իրականացվել են Հայաստանի էլեկտրական ցանցերում»,- նշեց նա։
Նա նաև կասկած հայտնեց, որ խնդիրները կարող էին միտումնավոր ստեղծվել՝ «Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար»։
Վարչապետը խոսեց նաև համակարգում տիրող կոռուպցիայի մասին՝ կտրուկ հայտարարելով. «Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, չկա գոնե մի հիմնարկ, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել»։