Այսօր առավոտյան սիրիական բանակը իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպի Էշրաֆիե շրջանը և բնակչությանը հորդորել՝ ականազերծման աշխատանքների ավարտից հետո վերադառնալ այնտեղ։ Այդ մասին հայտնել է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը՝ Հալեպից:
Այնուհետև Հալեպի պետական ներքին անվտանգության ուժերը շուրջ 50 ավտոբուս են ուղարկել Շեյխ Մաքսուդի շրջան՝ նախատեսելով, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ներքին անվտանգության զինյալները իրենց թեթև զինատեսակները վերցնեն և ավտոբուսներով դուրս գան շրջանից՝ ուղևորվելով Սիրիայի հյուսիս-արևելք (Եփրատ գետի արևելյան շրջաններ)։
Սակայն Շեյխ Մաքսուդ շրջանի ներքին անվտանգության խորհուրդը, մերժելով տարածքը լքելու առաջարկը, հայտարարել է, որ զինյալները որոշել են մնալ իրենց թաղամասերում և պաշտպանել դրանք։
Սիրիական բանակը Սիրիայի ժողովրդավարական ուժերին Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասը լքելու նոր ժամկետ է սահմանել՝ այսօր ժամը 16։00-ից մինչև 18։00-ը, հայտարարելով, որ ժամկետի ավարտից հետո կհարվածի շրջանի նախապես ճշգրտված ռազմական դիրքերին։