Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան հանդիպել է Դամասկոս ժամանած Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարներ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Բանակցությունների ընթացքում, որոնց մասնակցել է նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ Շիբանին, կողմերը քննարկել են համագործակցության զարգացման ուղիները, մասնավորապես՝ տնտեսական գործընկերության և կայուն զարգացման, մարդասիրական հարցերի և Եվրոպայում փախստականների հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունության վերականգնմանն ու ամրապնդմանը։
Հանդիպումից հետո Կոշտան հայտարարել է, որ այցի նպատակն է ցույց տալ ԵՄ-ի անսասան աջակցությունը Սիրիային։ Ֆոն դեր Լայենն իր հերթին ընդգծել է, որ «Եվրոպան կանի ամեն ինչ՝ երկրի վերականգնմանն ու վերակառուցմանն աջակցելու համար»։
Հանդիպումը տեղի է ունեցել Հալեպում Սիրիական ժողովրդավարական ուժերի և սիրիական բանակի միջև բախումների ֆոնին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չնայած Սիրիայի պաշտպանության նախարարության նախկինում հայտարարված ժամանակավոր հրադադարին, քրդամետ զինյալները հրաժարվել են լքել քաղաքի շրջանները և կրակ են բացել ավտոբուսների ուղղությամբ, որոնք պետք է իրենց տեղափոխեին երկրի հյուսիս-արևելք: