ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր աջակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու Սենատի օրինագծին, սակայն հույս է հայտնել, որ դրա կիրառման անհրաժեշտություն չի լինի։
«Ես աջակցում եմ դրան։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի այն կիրառել»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում։
Հինգշաբթի երեկոյան հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը ՌԴ-ում ընդգրկվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում, X սոցիալական ցանցում հայտնել է, որ Թրամփը կանաչ լույս է վառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու իր օրինագծի համար։
«Այսօր նախագահ Թրամփի հետ մի շարք հարցերի շուրջ շատ արդյունավետ հանդիպումից հետո նա կանաչ լույս է վառել Ռուսաստանի դեմ երկկուսակցական պատժամիջոցների օրինագծի համար, որի ուղղությամբ ամիսներ շարունակ աշխատել եմ սենատոր Բլյումենթալի և շատ ուրիշների հետ»,- գրել է Գրեհեմը՝ հույս հայտնելով, որ օրինագծի քվեարկությունը տեղի կունենա «արդեն հաջորդ շաբաթ»։
Գրեհեմը և նրա դեմոկրատ գործընկեր Ռիչարդ Բլյումենթալն այդ օրինագիծը ներկայացրել են դեռևս անցյալ տարվա ապրիլի սկզբին։