ԱՄՆ Սենատը հավանություն է տվել ռազմական լիազորությունների մասին բանաձևի առաջխաղացմանը, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ առանց Կոնգրեսի համաձայնության Վենեսուելայի դեմ նոր ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը: Փաստաթղթի օգտին քվեարկել են դեմոկրատներն ու հինգ հանրապետական։ Արդյունքում՝ այն ընդունվել է 52 կողմ, 47 դեմ ձայներով, ինչը ճանապարհ է բացել հաջորդ շաբաթ վերջնական քվեարկության համար:
Ըստ բանաձևի կողմնակիցների՝ Վենեսուելա զորքեր ուղարկելու՝ նախագահի հնարավոր որոշումը պետք է կայացվի Կոնգրեսի մասնակցությամբ։
Բանաձևը գործնականում ուժի մեջ մտնելու շանս չունի, քանի որ Կոնգրեսի երկու պալատի ընդունման դեպքում այն պետք է ստորագրի նախագահը, Ներկայացուցիչների պալատն էլ վերահսկում են հանրապետականները: Ըստ մեկնաբանների՝ քվեարկությունը, այնուամենայնիվ, նշանակալի քաղաքական ժեստ էր և ցույց տվեց որոշ հանրապետականների մտահոգությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ ուժերը գիշերային անակնկալ գործողության ժամանակ գերեվարեցին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին։