Կիրակի ԱՄՆ Սենատը առաջին քայլն է արել պատմության մեջ ամենաերկար շաթդաունի դադարեցման ուղղությամբ, երբ չափավոր դեմոկրատների մի խումբ համաձայնել է շարունակել աշխատանքն առանց առողջապահական սուբսիդիաների երաշխավորված երկարաձգման՝ հայտնել է BBC-ն։
60 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված բանաձևը կօգնի վերականգնել դաշնային կառավարության ֆինանսավորումը, սննդի օգնությունը և վետերանների ծրագրերը մինչև հունվարի 30-ը։
Հաստատման համար անհրաժեշտ էր օրենսդիրների 60 ձայն, այն ապահովել է 8 դեմոկրատ սենատոր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ձեռք է բերվել նախնական երկկուսակցական համաձայնություն։ Օրինագիծը ներառում է դաշնային ծառայողներին աշխատանքից ազատելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրերի չեղարկում և ապագայում նման գործողությունները կանխող դրույթներ: Փաստաթուղթը նաև թույլ կտա աշխատանքի վերադարձնել շաթդաունի գործընթացում աշխատանքից ազատված դաշնային ծառայողներին:
Բացի այդ, բանաձևը նախատեսում է միջոցներ հատկացնել հետադարձ վճարման համար պետական գերատեսչությունների այն պաշտոնյաներին, որոնց ուղարկել են չվճարվող արձակուրդ շաթդաունի ժամանակ, պարենային կտրոնների ֆինանսավորում մինչև 2026 ֆինանսական տարվա ավարտը (սեպտեմբերի 30):
Դեմոկրատների կողմից պահանջվող «Մատչելի խնամքի մասին» օրենքի վերաբերյալ քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերին։