ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:38-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից։
«Հայտնում էին, որ հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Ռոբերտ Ստեփանյանին։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:35-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրազեններով կրակոցներ է արձակել «Տոյոտա» ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մարմնի տարբեր հատվածներում ստանալով հրազենային վնասվածքներ մահացել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի 45-ամյա բնակիչը Ռոբերտ Ստեփանյանի՝ ավտոմեքենայում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել մայրաքաղաքի 41-ամյա բնակչին։
41-ամյա տղամարդը իր մոտ պահվող ապօրինի զենքերից կրակոցներ է արձակել Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ, ինչից հետո 41- և 45-ամյա տղամարդիկ դեպքի վայրից դիմել են փախուստի։ ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։ Երևանի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։