ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է Դանիայից գնել Գրենլանդիան: Այդ մասին չորեքշաբթի՝ հունվարի 7-ին, հայտնել են The Wall Street Journal-ը և The New York Times-ը՝ հղում անելով երկրի ղեկավարության աղբյուրներին:
Նրանց տեղեկության համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ վերջերս կայացած փակ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները չեն ենթադրում անխուսափելի ռազմական ներխուժում: Սպառնալիքներով Սպիտակ տունը նպատակ ունի ստիպել Դանիային վաճառել կղզին։ Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Թրամփն իր վարչակազմի աշխատակիցներին հանձնարարել է Գրենլանդիան գնելու ծրագիր մշակել:
Նախօրեին Politico պարբերականը, վկայակոչելով փորձագետներին և Վաշինգտոնի աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2026 թվականի վերջը վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ: Մասնավորապես, Թրամփի վարչակազմը կփորձի կազմակերպել «գաղտնի ազդեցության արշավ»՝ կղզու քաղաքական հավասարակշռությունը զգալիորեն փոխելու և տեղական քաղաքական գործիչներին կաշառելու համար:
ԱՄՆ նախագահի վարչակազմն արդեն պատրաստում է ազատ ասոցացման համաձայնագրի նախագիծ, որը Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի իշխանություններին կառաջարկի ստորագրել՝ շրջանցելով պաշտոնական Կոպենհագենը: Նման համաձայնագրի համաձայն՝ ամերիկյան զինված ուժերը կարող են գործողությունների լիակատար ազատություն ստանալ կղզու տարածքում՝ անմաքս առևտրի դիմաց: