Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող Բնության պետական թանգարանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կայացավ «Նոր կյանք թափոնին» բնապահպանական աշխատարանը՝ ուղղված թափոնների վերաօգտագործման, ստեղծարար մտածողության և շրջակա միջավայրի պահպանության գաղափարների տարածմանը։
Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ, ուսանողներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն ունեցան ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև դրանք կիրառել գործնականում։ Աշխատարանի ընթացքում մասնակիցները սեփական ձեռքերով պատրաստեցին անտառային թափոններից և բնական նյութերից ամանորյա խաղալիքներ, վերածելով դրանք էկոլոգիապես անվտանգ, գեղագիտական և խորհրդանշական առարկաների։
Ստեղծված խաղալիքները կզարդարեն մասնակիցների բնակարանները՝ միաժամանակ հիշեցնելով բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, թափոնների ճիշտ կառավարման և վերամշակման կարևորության մասին։
Աշխատարանը նպաստեց մասնակիցների բնապահպանական գիտակցության բարձրացմանը, ստեղծարար մոտեցումների զարգացմանը և կայուն կենսակերպի գաղափարների ամրապնդմանը։
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր՝ որպես գնահատանք նրանց ակտիվ ներգրավվածության և բնապահպանական նախաձեռնությանը մասնակցության համար։
«Նոր կյանք թափոնին» աշխատարանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ նույնիսկ թափոնը կարող է դառնալ արժեք, եթե այն օգտագործվում է գիտակցված և պատասխանատու մոտեցմամբ։