Երևանի Վարդաշեն թաղամասի էլեկտրական ենթակայանի բաշխիչ սարքավորումներում նախօրեին առաջացած խոշոր հրդեհի հետևանքները վերացնելու և հոսանքազրկված 11500 բաժանորդների էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: «Լուրերի» հետ զրույցում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ առավոտյան հրատապ խորհրդակցություն է անցկացվել, բոլոր ուժերը մեկտեղված են, որ այսօր մինչև ժամը 22-ը էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով վերականգնված լինի:
Ըստ Պետրոսյանի՝ խոշորամասշտաբ վթարից անմիջապես հետո՝ գրեթե 36 ժամ, անդադար աշխատանք է կատարվել: Օպերատիվ հերթապահ խմբերը հերթափոխով փոխարինում են միմյանց:
Հիշեցնենք՝ նախօրեի կեսգիշերն անց տեղի ունեցած հրդեհի հետևանքով շարքից դուրս են եկել և անպիտան դարձել մի շարք սարքավորումներ. հոսանքազրկված շուրջ 51 հազար բաժանորդներից 40 հազարի էլեկտրամատակարարումը կատարված աշխատանքների արդյունքում արդեն վերականգնվել է: