Այսօր մեր երկիրը ցիկլոնի ազդեցության գոտում է, որի ակտիվությունը հատկապես մեծ կլինի Վայոց ձորում և Սյունիքում: Այսօր ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ միջին ինտենսիվությամբ, մնացած գոտիներում՝ թույլ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Առաջիկա գիշերը տեղումները կպահպանվեն միայն Վայոց ձորում և Սյունիքում, մնացած շրջաններում կդադարեն: Դեկտեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը երկրի ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 31-ին՝ կեսօրից հետո, Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Այսպիսով, դեկտեմբերի 31-ի՝ հետկեսօրյա ժամերից, հունվարի 1-ին, 2-ին՝ մինչև կեսօր, Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում դեկտեմբերի 31-ին՝ կեսօրից հետո, հանրապետության մի շարք շրջաններում կսկսվեն ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն հունվարի 1-ին, լույս 2-ի գիշերը և հունվարի 2-ի առավոտյան ժամերին: Հունվարի 2-ի ցերեկը դրանք հիմնականում կպահպանվեն Վայոց ձորում և Սյունիքում:
Հունվարի 3-ին երկրի ամբողջ տարածքում տեղումները կդադարեն, և դրան հաջորդող 5 օրերին կհաստատվի առանց տեղումների եղանակ»,- ասաց նա: