ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 3-ին կկայանա «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով բացօթյա միջոցառումը, որի շրջանակում կանցկացվեն հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2025 թ. «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրել է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որի առանձնացված անվանակարգերից է «Հեղինակային երգ» անվանակարգը։
Հեղինակային երգն անցկացվում է երկրորդ տարին։ Այս տարի մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ՝ անհատ կատարողներ և ուսումնական հաստատությունների սաներ:
Ընտրված լավագույն 9 մասնակիցները կատարումներով հանդես կգան հունվարի 3-ին՝ ժամը 16:00-ին, Ջերմուկում անցկացվող գալա համերգի և մրցանակաբաշխության շրջանակում: Լավագույն մասնակիցներից բացի՝ դրամական պարգևատրում կստանան նաև նրանց մանկավարժները և ուսումնական հաստատությունները: